Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։
Զոհրապը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870 թվականին մահանում է Խաչիկ էֆենդին։ Մայրը ամուսնանում է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվում է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակում են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում Զոհրապի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։
1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։
1880 թվականին աշխատանքի է անցնում խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսում է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժինը։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվում է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։
1881 թվականին բացվում է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց Զոհրապը տեղափոխվում է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռանում է՝ վկայական չստանալով։ 1884 թվականին Էդիրնե քաղաքում քննություն է հանձնում և ստանում փաստաբան-իրավաբանի վկայական։
Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։
1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։
1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։
1888 թվականին Զոհրապն ամուսնանում է Կլարա Յազըչյանի հետ։ 1889 թվականին ծնվում է նրանց անդրանիկ որդին՝ Լևոնը, 1891 թվականին՝ ավագ դուստրը՝ Դոլորեսը, 1892 թվականին՝ կրտսեր որդին՝ Արամը և 1896 թվականին՝ կրտսեր դուստրը՝ Հերմինեն։
1891 թվականին Զոհրապն ընտրվում է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։
1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում
Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թվականներին։ Այս շրջանում Զոհրապը գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։
Հետագայում, երկար լռությունից հետո՝ սկսած 1898 թվականից, Զոհրապը նորից է երևում գրական ասպարեզում, այս անգամ որպես ճանաչված ու վաստակած գրող և հասարակական գործիչ։ 1894-1895 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականին շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ. Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։
Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։
Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։
1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։
Սակայն 1906 թվականին Արդարադատության նախարարի կարգադրությամբ Զոհրապին արգելվեց թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908 թվականին Թուրքիայում վերահաստատվեց Սահմանադրությունը։ Կայսրության բոլոր անկյուններում անցկացվեցին միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Զոհրապն այդ ժամանակ Փարիզում էր։ Այնտեղ նա հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ուներ և հետագայի համար նախատեսում էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։
Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ նա հույսերով և լավատեսությամբ Փարիզից շտապեց Պոլիս։
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։
Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր, որը 1914 թվականին բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմեց եվրոպական տերություների միջամտությանը։
Հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։
Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։
Նովել, նորավեպ, պատմողական պրոզայիկ ժանր, համեմատաբար սեղմ ծավալի արձակ ստեղծագործություն, որն ունի դեպքերի ընթացք (սյուժե) և կերպարներ: Սրան բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։ Երբեմն օգտագործվում է որպես պատմվածքի հոմանիշ կամ համարվում է նրա տարատեսակ։ Ժամանակակից գրականության մեջ նովելը և պատմվածքը հաճախ դժվար է սահմանազատել։
Նովելը ձևավորվել է վաղ Վերածնության շրջանում և իր դասական ձևով հանդես է եկել իտալացի Բոկաչչոյի «Դեկամերոն» գրքում (14-րդ դար)։ Նովելների հիմքում ընկած էր հասարակությա բարձր խավի թերությունները երգիծող որևէ արտասովոր պատմություն կամ անեկդոտանման նորություն։ Իր հետագա զարգացման ընթացքում նորավեպն ընդլայնում է թեմատիկ ընդգրկման շրջանակները և դառնում արձակի տարածված ժանրերից մեկը։
Պատմվածքի նման նորավեպը ևս սակավաթիվ կերպարներ ունեցող փոքրածավալ երկ է, որը պատկերում է մարդկային կյանքի մեկ, համեմատաբար ավարտուն դրվագ։ Նրա բնորոշ առանձնահատկություններից են անսովոր սյուժեն, սուր բախումը, գործողության արագ զարգացումը և անսպասելի, կտրուկ վախճանը։ Բնության տեսարանների, առարկաների, հանգամանքների և հոգեվիճակների մանրամասն նկարագրություններ նովելի մեջ սովորաբար չեն լինում։
Համաշխարհային գրականության նշանավոր նովելիստներ են եղել Մոպասանը, Օ’Հենրին, Չեխովը, Մերիմեն։ Հայ գրականության մեջ մեծարժեք նորավեպեր են գրել Գրիգոր Զոհրապը («Զաբուղոն», «Ռեհան», «Ճեյրան», «Ճիտին պարտքը», «Այինկա», «Երջանիկ մահը», «Մեղա՜ տեր» և այլն), Ստ. Զորյանը («Վճռական մարդը», «Ցանկապատ», «Պապն ու թոռը», «Երկաթուղին» և այլն)։
«Այինկա»
«Այինկա» նովելը մի սիրո պատմություն է:
Հակոբոս ու Սահակ եղբայրները և Պերճուհին նովելի հերոսներն են:Հակոբոսը «այինկաճիներու մեծը՝Անդրանիկն էր. սևաչվի, սևահեր, երիտասարդ… », իր շրջապատում բոլորը ճանաչում էին, սիրում եւ հարգում նրան: «Ահա տասը տարուց ի վեր Հակոբոսը «այինկաճիներու» առաջնորդն էր և ղեկավարը, միշտ պատվով է առաջ տարել իր գործը։ Երբեք վստահված ապրանքը չի կորցրել կամ փչացրել»։ Իսկ Սահակը՝ «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիք մը»։
Պերճուհին սիրահարվում է Սահակին: Սահակը գյուղացիներից կտրված էր և աշխատում էր ոստիկանությունում, այդ պատճառով նրանց հարաբերությունները ավարտվում են, բացի այդ, Պերճուհին այինկաճիի դուստր էր: Իրականում երկուսն էլ միմյանց կապված էին շատ նուրբ զգացմունքներով, չնայած՝ Պերճուհին դառնում է Հակոբոսի նշանածը: Եղբայրները հակառակվում են: Սակայն ամեն մաքրություններից ամենամաքուր, ամենալուսավոր (Մարիամերեն ), ամեն բանի դիմացող, ինքնասիրությունից հեռու սերը իր ամենանուրբ թելերով մի հանդիպումով նորից միացնում է Սահակին ու Պերճուհուն: Եղբայրները չէին կարող մի տան մեջ միասին ապրել, և ի՞նչ պիտի լիներ: Փոխհրաձգության ժամնակՍահակը սպանվում է: Չեմ կարողանում պատկերացնել ՝ինչ կլիներ, եթե Սահակը չմահանար: Բնական է, որ Սահակի մահից հետո Պերճուհին զգացմունք չէր ունենալու դեպի Հակոբոսը, չէր էլ կարող ստեղծել: Պերճուհին նշանը հետ է տալիս: Նրանց սերը չի ավարտվում, որովհետև իրական սիրուց հետո ոչինչ չկա, մեկ է երկրի վրա, թե երկնքում: