Նար-Դոս, Ես և Նա

Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ծնվել է 1867թ. մարտի 1(13) Ռուսական կայսրության Թիֆլիս քաղաքում՝ բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։ 1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է XIX դարի 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս»հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ «Մայինի գանգատը» (չի պահպանվել), «Մեղր և ճանճեր» (1886), «Եղբայր» (1887) պիեսները։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե» (1887), «Բարերար և որդեգիր» (1888) վիպակները, «Քնքուշ լարեր» (1887), «Զազունյան» (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը («Սաքուլն ուխտ գնաց», 1889, «Ինչպես բժշկեցին», 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է «Աննա Սարոյան» վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր, սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և, ի վերջո, կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

Ես և Նա

Ուժեղ եւ թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես եւ Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված եւ նվիրված էր իր սիրած աղջկան, եւ համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող եւ «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ եւ քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած եւ փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ եւ դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը եւս մեկ առավելությամբ:

Թողնել մեկնաբանություն