Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանաստեղծի ազգանունը՝ Իսահակյան։ Գրաճանաչություն սովորել է հայրենի քաղաքում: Ուսումը շարունակել է Հառիճի վանքի դպրոցում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ նրա ուսուցիչը եղել է անվանի բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա է խրախուսել պատանի Ավետիքի առաջին բանաստեղծական քայլերը: Իսահակյանը մեր այն սակավաթիվ բանաստեղծներից է, որոնց բախտ է վիճակվել հիմնավոր համալսարանական կրթություն ստանալ: Նա 1893-1895 թթ. սովորել է Լայպցիգի (Գերմանիա), համալսարանում՝ որպես ազատ ունկնդիր:
1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։
Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։
Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։
Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա․․․», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
Նիհիլիզմ
Փիլիսոփայական ուսմունք, որը բացառում է կյանքի ենթադրելի իմաստի գոյությունը։ Ավելի հաճախ նիհիլիզմը արտահայտվում է էքզիստենցիալ նիհիլիզմով, որի համաձայն՝ կյանքը չունի որևէ օբյեկտիվ նպատակ, իմաստ և արժեքայնություն։ Բարոյական նիհիլիզմը համարում է, որ գոյություն չունի սերնդեսերունդ փոխանցվող բարոյականություն, և ցանկացած ձևավորվող բարոյական արժեք մտացածին բնույթ է կրում։ Նիհիլիզմը կարող է ընդունել նաև իմացաբանական (էպիստեմոլոգիական) կամ գոյաբանական (օնտոլոգիական) ձևեր, պնդելով, որ որոշակի առումով իմացության գոյությունը հնարավոր չէ կամ որ իրականությունը փաստացի գոյություն չունի։
Արթուր Շոպենհաուեր
Գերմանացի փիլիսոփա, գրող Արթուր Շոպենհաուերը ծնվել է 1788թ․ փետրվարի 22-ին Լեհական թագավորությունում Գդանսկ գավառում։ Կանտի ամենահայտնի աշակերտը։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։ Առաջինն էր գերմանախոս միջավայրում, որ համոզված էր, որ աշխարհը հիմված է «Անբանական սկզբունքի» հիման վրա։
Իր փիլիսոփայական հայացքները Շոպենհաուերը շարադրել է “Աշխարհը որպես կամք և պատկերացում” աշխատությունում։ Գոյություն ունեցող (գոյի) հոգևոր հիմքը, ըստ նրա համարվում է ինչ-որ անգիտակցական սկիզբ, որը ներառում է կամք և պատկերացում։ Աշխարհը ներկայանում է որպես կույր “կամք կյանքի նկատմամբ”, որը ի հայտ է գալիս “օբյեկտիվացման” անվերջանալի բազմության մեջ։ Ամեն մի օբյեկտիվացմանը հատուկ է ձգտումը բացարձակ իշխանության, ինչն արտահայտվում է անընդմեջ շարունակվող “բոլորի պատերազմը բոլորի դեմ” բանաձևի մեջ։ Օբյեկտիվ կամքի զարգացման բարձրագույն աստիճանը համարվում է մարդը, որը օժտված է բանական իմացությամբ։ Յուրաքանչյուր ճանաչող սուբյեկտ ճանաչում է իրեն իր ողջ կամքով կյանքի հանդեպ, իսկ մյուս բոլոր անհատներին ճանաչում է որպես կախյալ իր էությունից, ինչը հանգեցնում է մարդու անսահման էգոիզմին։ Պետությունը ըստ Շոպենհաուերի, չի ոչնչացնում այդ էգոիզմը, այլ միայն հավասարակշռում է մարդկանց կամքերը։ Ընդգծելով երջանկության էությունը և տառապանքների անխուսափելիությունը, որոնք արմատավորված են կյանքի նկատմամբ կամքի և հավերժ անբավարարվածության մեջ՝ Շոպենհաուերը գոյություն ունեցող աշխարհը համարում է “վատագույնը հնարավորներից”։
Մահացել է 1860թ․ Գերմանիայում, Ֆրանկֆուրտ քաղաքում։



