Հայ հայդուկներ

Հայդուկային շարժումը մեծ տարածում էր գտել նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններում 19-րդ դարից սկսած։ Հայ հայդուկների շարքում կարևոր է նշել Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Դժոխք Հրայրին, Գալեին, Մախլուտոյին, Գևորգ Չաուշին։

Արաբո

Արաբո (Առաքել Մխիթարյան, 1863 — 1893), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, առաջին ֆիդայիներից (1880-ականներին)։

Ծնվել է 1863 թվականին Բիթլիսի նահանգի Կուռթեր գյուղում։ Սովորել է Մուշի Առաքելոց վանքի դպրանոցում։ Գործել է Սասունի, Տարոնի գյուղերում։ Ինքնապաշտպանության նպատակով կազմակերպել է զինված խումբ, որի կազմում էին Ալիզռնանցի Լևոնը, Գոմերցի Հովիկը, Գալշոյի Մանուկը, Բերդակի Ներսոն, Մխո Շահենը, Ղարսեցի Հակեն, Գևորգ Չավուշը։ 1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը: Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ: Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից: 1889 թվականից սկսած՝ քանիցս այցելել է Կովկաս: 1892 թվականին Թիֆլիսում մասնակցել է ՀՅԴ կուսակցության 1-ին ընդհանուր ժողովին։ 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ: Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը: Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ: Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն: Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն: Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում:

Գևորգ Չաուշ

Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գէորգ Ղազարեան), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։

Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնցից են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը: Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար։

Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։

Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել։

Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։

Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.

 Սասունի 1894, Զեյթունի 1895-96 և Վանի 1896 թվականների հերոսամարտերի արդյունքները:

1894-ին Սասունի ապստամբության բարբարոսական ճնշումը առաջացրել է համաշխարհային առաջադեմ հասարակայնության բողոքը։ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը մշակել ու 1895-ի մայիսի 11-ին սուլթանին են հանձնել հայկական բարենորոգումների ծրագիր («Մայիսյան բարենորոգումներ» 1895), որն առավել հետապնդում էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու, քան արևմտահայերի դրությունը բարելավելու նպատակ։ Ըմբռնելով դա և օգտվելով մեծ տերությունների հակասություններից՝ Աբդուլ Համիդ II շարունակել է իր հայաջինջ քաղաքականությունը։ 1895-ի սեպտեմբերի 18-ին հնչակյանները Կոստանդնուպոլսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները»: Թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա. այդ օրը Կ. Պոլսում կոտորվել է 2000 հայ։ Կ. Պոլսի ջարդերն ազդանշան էին հայերի զանգվածային կոտորածների. 1895-ի սեպտեմբերի 26-ին՝ Տրապիզոնում, սեպտեմբերի 30-ին՝ Բաբերդում, հոկտեմբերի 7-ին՝ Դերջանում, հոկտեմբերի 9-ին՝ Երզնկայում, հոկտեմբերի 10-ին՝ Չարսանճագում և Քղիում, հոկտեմբերի 13-ին՝ Բաղեշում և Գյումուշխանեում, հոկտեմբերի 16-ին՝ Եդեսիայում (Ուրֆա) և Շապին Գարահիսարում, հոկտեմբերի 18-ին՝ Կարինում, հոկտեմբերի 23-ին՝ Մալաթիայում, հոկտեմբերի 26-ին Խարբերդում, հոկտեմբերի 27-ին՝ Ակնում, նոյեմբերի 1-ին՝ Դիարբեքիրում, նոյեմբերի 3-ին՝ Մարզվանում, նոյեմբերի 12-ին՝ Սեբաստիայում, նոյեմբերի 28-ին՝ Զիլեում և այլուր։ 1896-ի օգոստոսի 14-ի «Բանկ Օտոմանի» միջադեպն առիթ է դարձել Կ. Պոլսում հայկական նոր կոտորածների։ Օգոստոսի 14-16-ին Կ. Պոլսում կոտորվել է ավելի քան 10 հզ հայ։

Հայկական կոտորածները իրականացրել են թուրքական կանոնավոր զորամասերը, «համիդիե» գնդերը, ոստիկանությունը և մուսուլմանական խուժանը՝ վայրագ եղանակներով։

Ի՞նչ վերաբերմունք ունեին մեծ տերությունները հայկական բարենորոգումների նկատմամբ: Որո՞նք էին տերությունների իրական նպատակները

1895-96-ի կոտորածները համաշխարհային պատմության մեծագույն ոճրագործություններից են և ցեղասպանության ակտ։ Դրանց հետևանքով կոտորվել է շուրջ 300000 հայ, 100 000 բռնի իսլամացվել, 100 000 տարագրվել տարբեր երկրներ, ամայացել են Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերը, սաստկացել է հայ ժողովրդի ազգային և տնտեսական ճնշումը։

Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը, ինչպես միշտ, օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներ Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը, Հենրի Ֆինիս Բլոս Լինչը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը»

Մեծ եղեռնի հետևանքները

Ցեղասպանության հոգեբանական հետևանքները, Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում թուրք ջարդարարների կատարած հայերի ցեղասպանությունը հայ ժողովրդին հասցված անասելի մարդկային կորուստներից, հայ մշակույթին հասցված վիթխարի վնասից բացի հոգեբանական ու սոցիալ-հոգեբանական խոր ազդեցություն գործեց նաև հայ ազգի կյանքի ամենատարբեր կողմերի վրա։

Հայերի ցեղասպանությունը անմիջական ու հեռավոր հետևանքներ է թողել հայ ազգի կենսագործունեության, հոգևոր կերտվածքի ու բնավորության, սերունդների հետագա ողջ սոցիալական գործունեության, նրա իղձերի ու ձգտումների վրա։ Դեռևս մինչև 1915 թվականի ողբերգական իրադարձությունները հայ ժողովրդի հոգեկան ու հոգեբանական կերտվածքի մեջ ձևավորվել էին հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններով, նախ և առաջ, պետականության վաղ կորստով և օտարերկրյա տևական տիրապետությամբ պայմանավորված գծեր, օրինակ, սեփական անձի ապահովությանը սպառնացող մշտական վտանգի, իր իսկ հայրենիքում ազգային արժանապատվության ու կրոն, համոզմունքների խոցելիության զգացողությունը։

Ցեղասպանություն

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, եւ այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

«Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:

<<Նեմեսիս>> ծրագիրը ստեղծվել էր ՀՅԴ կողմից 1919թ-ին՝ խիստ գաղտնի պայմաններում։ Ծրագրի անվանումը պատահական չէր, քանի որ այդպես էին անվանել նաև հին հունական դիցաբանության մեջ վրեժի աստվածուհուն։

Տեսնելով, որ թուրքական կառավարությունը և դաշնակից երկրները հետևողական չեն երիտթուրքերի պարագլուխների պատիժն իրականացնելու հարցում՝ նրանց դատավճիռն ի կատար ածեցին <<Նեմեսիս>> ծրագրի շրջանակներում գործող անձնազոհ հայ վրիժառուները։

Այս ծրագրի արդյունքում քայլ առ քայլ իրենց հասանելի պատիժը ստացան երիտթուրքերի դաժան պարագլուխները։

1921թ-ի մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը իրականացրեց Մեծ եղեռնի ամենագլխավոր պատասխանատուի՝ Թալեաթի մահապատիժը։ 1921թ-ի դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանի գնդակից սպանվեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմը։ 1922թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանն իրականացրեցին Բեհաէդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի մահապատիժը։ 1922թ-ի հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը Թիֆլիսում ի կատար ածեցին Ջեմալի մահապատիժը։ Նույն թվականի օգոստոսին Միջին Ասիայում Հակոբ Մելքումովի գլխավորած զորամասերի դեմ մղված մարտերում սպանվեց Էնվերը։ Ավելի ուշ՝ 1926թ-ին, կախաղան բարձրացվեց Նազըմը։

Այսպիսով՝ շնորհիվ <<Նեմիսիս>> ծրագրի քաջ ու անձնազոհ անդամ հայ տղաների իրականացվեց Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուների մահապատիժը։

Հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրների ու միջազգային կառույցների ցանկը կարող եք տեսնել այցելելով հղմամբ։

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։

1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։

Հայդուկային շարժումը մեծ տարածում էր գտել նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններում 19-րդ դարից սկսած։ Հայ հայդուկների շարքում կարևոր է նշել Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Դժոխք Հրայրին, Գալեին, Մախլուտոյին, Գևորգ Չաուշին։

Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին

Արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը

1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։ 1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

Օսմանյան կառավարությունն ամեն կերպ խոչընդոտել է Ազգային սահմանադրության կիրառումը, իսկ 1896-ին Աբդուլ Համիդ II նույնիսկ արգելել է այն։ 1908-ին, կրկին արտոնվելով, Ազգային սահմանադրությունը գործել է մինչև առաջին աշխարհամարտը (1914–18), երբ Կ. Պոլսի ազգային մարմինների անդամների մեծագույն մասը դարձավ Մեծ եղեռնի զոհ։ 1916-ի օգոստոսի 10-ին երիտթուրքական կառավարությունը «Նոր կանոնադրություն հայոց պատրիարքության վերաբերյալ» օրենքով էական սահմանափակումների է ենթարկել Ազգային սահմանադրությունը, որի գործունեությունը վերջնականապես կասեցվել է հանրապետական Թուրքիայում (թեև որոշ դրույթներ ներկայումս դեռ կիրառվում են)։

Այնուամենայնիվ, Ազգային սահմանադրությունը զգալի հետք է թողել սփյուռքահայ իրականության մեջ։ Նրա հիմնական սկզբունքներն ընկած են ժամանակակից սփյուռքի շատ համայնքների կանոնադրությունների հիմքում (ԱՄՆ, Բուլղարիա, Եգիպտոս, Լիբանան, Հունաստան, Ռումինիա, Սիրիա և այլն)։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 1992-ին ընդունած կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ վերջինիս հիմքը Ազգային սահմանադրությունն է՝ «իր ոգով և էական սկզբունքներով»։

Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև: Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում: 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել:

1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ: Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից: Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով: Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ:

Զեյթունի ապստամբությունից հետո Զեյթունի գավառակի վրա նոր հարձակում պատրաստվեց։ Կոստանդնուպոլսի պատրիարքի և Ֆրանսիայի միջնորդությամբ ճնշումներ գործադրվեց Օսմանյան կայսրության վրա, որի պատճառով հարձակումը տեղի չունեցոավ, իսկ Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը։ Իսկ ֆրանսիացիները զեյթունցիներից պահանջեցին դառնալ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։

Արևելյան հարց, Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները, Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։

 Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։

Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագիրը Մ. Սարաֆյանի ծրագիր, Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերի կարևոր դրույթները

Ծանոթանալով նրանց ներկայացրած ծրագրերին, մենք տեսնում ենք, որ թե Սարաֆյանը, թե Արղությանն և թե Լազարյանը ակնկալում էին Ռուսաստանի հետ համագործակցել Հայաստանի ազատագրման իրենց ծրագրերն իրականացնելու համար: Բայց նրանց ծրագրերում կան որոշակի տարբերություններ:

1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը այլ գործիչների գիտությամբ Ռուսաստանի արտաքին կոլեգային է ներկայացնում Հահաստանի ազատագրության կազմած իր ծրագիրը: Նա առաջարկում էր Ռուսաստանում բնակվող հայերից ու վրացիներից կազմել կամավորական զորաջոկատներ և ռուսական զորքերի հետ ուղարկել Վրաստան: Ըստ Սարաֆյանի ծրագրի՝ զորաջոկատների հրամանատարը պետք է լիներ հայազգի, որպեսզի ենթարկվեր ռուսական բանակի հրամանատարությանը: Հակաթուրքական պայքարի մեջ պետք էր ընդգրկել Արցախի մելիքներին՝ տրամադրելով ռազմական հանդերձանք և զենք: Մովսես Սարաֆյանի ծրագրի համաձայն՝ Հայաստանն ազատագրելուց հետո պետք է սստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:

Ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը 1780-ական թթ. սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ: Նրանք կազմում էին 18 հոդվածից բաղկացած մի նախագիծ: Առաջարկում էին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Հովսեփ Արղությանն ու Հովհաննես Լազարյանը գտնում էին, որ հայոց թագավոր պետք է ընտրվեր ռուսական կայսրի կողմից: Առաջարկվում էին Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Առաջարկում էին նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերի կարևոր դրույթները

«Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքում ներկայացվում են՝

  • Հայ ժողովրդի հերոսական անցյալը, նրա աշխարհագրական լայնարձակ սահմանները, և դրան հակադրվում է առկա վիճակը, երբ երկիրը կողոպտվում է օտարների կողմից:
  • Կոչ է արվում հայ երիտասարդներին դուրս գալու օտար բռնակալների դեմ և զենքի ուժով հասնելու ազատության. «Խիզախությա՛մբ եղե՛ք նմանվողներ մեր նախահոր՝ քաջ Արամի որդիներին, որ միգուցե թե այդպիսով կարողանանք վերագտնել մեր հայրենիքն Արարատյան»:
  • Քննադատվում է միապետական կարգը՝ այն համարելով հայոց պետականության անկման պատճառներից մեկը:
  • Առաջարկվում էր ստեղծել սահմանադրություն և երկիրը կառավարել ժողովրդի ընտրովի ներկայացուցիչների միջոցով:

Ըստ «Որոգայթ փառաց» գրքի՝

  • Հայոց ապագա պետության բարձրագույն մարմինը՝ «Հայոց տունը», պետք է կազմվեր ժողովրդի կողմից ընտրված փոխանորդներից (պատգամավորներից):
  • Հայաստանում պետք է իշխեր օրենքը:
  • «Հայոց տունը» պարտավոր էր  ստեղծել գործադիր իշխանություն (կառավարություն): Այդ նպատակով փոխանորդներից պետք է ընտրվեին տասներեք հոգի, որոնցից մեկը վիճակահանությամբ դառնալու էր նախարար (նախագահ), իսկ մյուսները՝ նախարարի խորհրդակիցներ:
  • Նախարարը լինելու էր օրենքի առաջին կատարողը և զորքի գլխավոր հրամանատարը:

Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը

Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագիր, ստեղծվել է 1701 թվականին Իսրայել Օրու կողմից։ Այն գրվել է Ռուսաստանի Մոսկվա քաղաքում, որի անունից էլ ստացել է իր անվանումը։ Ըստ ծրագրի՝ առաջարկվում էր ստեղծել 25 հազարանոց բանակ, որից 15 հազարը լինելու էր հետևակ, իսկ 10 հազարը՝ հեծյալ, որոնց օժանդակելու էր հայոց 100 հազարանոց զորքը։ Միացյալ ուժերը ազատագրելու էին Արևելյան Հայաստանը, որի կենտրոն էր դառնալու Երևանը։ Ռազմական գործողություններին մասնակցելու էր նաև Վրաստանը։ Ծրագրվում էր պատերազմը ավարտել 20 օրում։

Ծրագիրը մնաց թղթի վրա, քանի որ Պետրոս I-ը զբաղված էր իր Հյուսիսային պատերազմով։

Էջմիածնի ժողով

1677 թվականին Հակոբ Ջուղայեցու կողմից հրավիրվում է Էջմիածնի գաղտնի ժողովը, որի արդյունքում որոշվում է կազմել պատվիրակություն և մեկնել Եվրոպա, որպեսզի եվրոպական երկրների հետ բանակցեն Արևելյան Հայաստանի ազատագրության հետ կապված հարցրի շուրջ։ 1678 թվականին կազմավորված պատվիրակությունը մեկնում է Կոստանդնուպոլիս, որպեսզի այնտեղից անցնի Եվրոպա։ Այստեղ 1679 թվականին բանակցություններ են սկսվում Հակոբ Ջուղայեցու և Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու միջև։ Սակայն 1680 թվականին մահանում է հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցին և հայկական պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։

Օրու շրջագայությունը

Իսրայել Օրին Կոստանդնուպոլիս մեկնած պատվիրակության անդամներից էր, որը, սակայն, չվերադարձավ Հայաստան, այլ Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից անցնում է Վենետիկ, 1683 թվականին՝ Փարիզ, իսկ 1690-ական թվականներին՝ Դյուսելդորֆ։ Այստեղ Իսրայել Օրին հաստատվում է Պֆալց եկրամասում, այս երկրամասի անունից էլ հետագայում Հայաստանի ազատագրման նախագիծը ստացավ «Պֆալցյան» անվանումը։ Իսրայել Օրին Դյուսելդորֆում հանդիպում և բանակցում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ, ներկայացնում նրան Հայատանի իրավիճակը։ Պֆալցի իշխանը նրան առաջարկում է վերադառնալ Հայաստան, որպեսզի ծանոթանա այնտեղ տիրող իրավիճակին, քանի որ Իսրայել Օրին այնտեղից վաղուց էր հեռացել, և դրությունը կարող էր շրջադարձային փոխված լինել։

Անգեղակոթի Ժողով

Ի վերջո Իսրայել Օրին 1699 թվականին մեկնում է Հայաստան և հայ իշխանների մասնակցությամբ ապրիլի 9-ին Անգեղակոթում գաղտնի ժողով գումարում։ Ժողովում հայ մելիքները հավանություն են տալիս Իսրայել Օրու ծրագրին, ըստ որի պետք էր գաղտնի զորք հավաքագրվել, որն անցնելու էր Ռուսաստանի տարածքով և ազատագրեր Հայաստանի երկու հատվածները՝ Արևմտյան և Արևելյան։ Այս ամենից հետո Հայաստանը պետք է հռչակեր իր անկախությունը, իսկ հայոց թագավոր պետք է հռչակվեր Հովհան Վիլհելմը։ Հայ մելիքներն իրենց ստորագրությամբ և կնիքներով հաստատեցին իրենց համաձայնությունը Իսրայել Օրու ծրագրին և նամակներ գրեցին Հռոմի պապին, Ռուսաստանի ցարին և Հովնան Վիլհեմին։

Ծրագրի բովանդակություն

Մոսկովյան ծրագիրը իր մեջ ներառում է 18 կետ։ Ըստ ծրագրի՝ պետք է կազմվի 25 հազաանոց զորք, որի 15 հազարը հետևակ, իսկ 10 հազարը հեծելազոր։ Այն պետք է համալրված լինի թնդանոթներով և պետք է սկսի արշավանքը նույն թվականի հոկտեմբերի սկզբին։ Բանակը բաժանվելու էր 2 մասի, որի մի մասը Արևելյան Հայաստան էր տեղափոխվելու ցամաքային ճանապարհով, իսկ մյուսը՝ Կասպից ծովով։ Իջնելով Նիզովայի նավահանգստում՝ ռուսական զորքը շարժվելու էր 4 ուղղություններով՝ Գանձակ, Լոռի, Կապան և Նախիջևան։ Ռուսական բանակին էր միանալու 100 հազարանոց հայկական ուժերը։ Հարվածի հիմնական ուղղությունը լինելու էր Երևանը, որն էլ հռչակվելու էր հայոց պետականության կենտրոն։ Նախատեսվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել 20 օրում։

Մեր գերդաստան

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից գաղթած ու Արևելյան Հայաստանում արմատներ նետած իմ պապերը այստեղ էլ կարողացան ճյուղեր տալ և կայանալ՝ Ստեփանյան Երեմից- Ստեփանյան Մարատ՝ պապս ու նրա անունը կրող իրենց Մարատ թոռը։
Ազնիվ, աշխատասեր ու շատ խելացի իմ գերդաստանում ծնվել ու մեծացել են խելոք ու բարեկիրթ մարդիկ։

Հայրս և՛ դպրոցում, և՛ բուհում, կյանքում և աշխատավայրում՝ միշտ օրինակելի, ծայրահեղ կարգապահ ու ազգասեր։ Մայրս՝ անբիծ, աշխատասեր ու քնքուշ։ Եղբայրս՝ գերազանց սովորող, օրինակելի։ Ասում են՝ «ծառն արմատի վրա է բուսնում, իսկ որքան ամուր ու առողջ է արմատը, այնքան փարթամ է սաղարթը»…
Լավ է, նույնիսկ շատ լավ է, երբ մարդ չի ամաչում իր գերդաստանի, իր արմատների պատճառով, գլուխը չի կախում ամոթից։ Համենայնդեպս՝ ես  դրա առիթը չունեմ։ Ինձ մնում է միայն աներեր պահել հայրենիքի համար անձնուրաց կռված իմ Մարատ պապի անունը, հպարտանալ իմ բանիմաց քիմիկոս Օֆելյա տատով և վստահ ապրել իմ ազատ ու անկախ Հայաստանում։

Հայ-իրանական և հայ-վրացական հարաբերությունները

Հայ-իրանական հարաբերություններ

Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդնըրի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։

Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։

Իրանից Հայաստան են ներկրվում հետևյալ ապրանքատեսակները՝ գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն և այլն։

Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստա-նի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։

Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել: 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից: Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը: 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը: Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար՝ Մերձբալթյան երկրների հետ միասին և նույնիսկ հրաժարվել են ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացնել