ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ, ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Կենսագրություն

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.

Իրիկնաժամին, թփերն օրորող հովի պես թեթև

Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,

Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.–

Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց,

Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Այս բանաստեղծությամբ բացվում է Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ Նշանակում է՝ հեղինակը մեծ կարևորություն է տվել դրան։

Տխրությունը Տերյանի ամբողջ ժողովածուի համար դառնում է գերիշխող հոգեվիճակ, դառնում գեղագիտական արժեք` բնորոշ հատկապես վեհ ու տառապող հոգիներին։ Այդ գլխավոր հոգեվիճակն աստիճանաբար սաստկանում է տխրությունը խորհրդանշող առանձին պատկերներով` աշուն, անձրև, թափվող տերևներ, միայնություն, անհուսություն, օտարվածություն, սիրո անհասանելիություն, տևական սպասում։ Տխրությունն ինքնին հանդես է գալիս տարբեր նրբերանգներով` ցավ, տառապանք, տագնապ, թախիծ, արցունք…

Լուսավոր և վեհ է Տերյանի թախիծը, որովհետև նրան առաջնորդում է երջանիկ կյանքի ու բարձր սիրո երազանքը։

«Տխրություն» բանաստեղծության մեջ Տերյանի պատրանքը մարմավորող գեղեցկուհին է, ով ստվերի նման անցնում է «սահուն քայլերով» և իրիկնաժամի ամայության մեջ թողնում իր մեղմ շշունջը։ Նրա շշունջը փոխանցվում է բնությանը` դաշտերին ու ծաղիկներին, որոնք էլ իրենց հերթին նրա սիրտը լցնում են այդ սուրբ շշունջով։ Կինը որպես գեղեցկության մարմավորում ձուլվում է բնությանը, իսկ բնությունն այդ գեղեցկությամբ պարուրում է բանաստեղծի հոգին։

Թողնել մեկնաբանություն