Կենսագրություն
Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում տեղի հայկական դպրոցում։
1877 թվականին ապագա գրողը շրջագայում է Սյունիքում և Արցախում, ծանոթանում պատմական հոյակապ հուշարձաններին, հինավուրց հայկական քաղաքների ու ամրոցների ավերակներին, ազգային ավանդույթներին ու սովորույթներին։
1878 թվականին Մուրացանը տեղափոխվում է Թիֆլիս։ Այնտեղ նյութական սուղ պայմաններից դրդված, կարճ ժամանակում հաշվապահություն է սովորում ու աշխատանքի անցնում տեղի առևտրական տներից մեկում։
Հոգեմաշ աշխատանքին զուգընթաց՝ նա կարողանում է մի փոքր ժամանակ գտնել և իրեն նվիրել գրականությանը։ 1881 թվականին նա գրում է իր առաջին գեղարվեստական լուրջ երկը՝ «Ռուզան» պատմական դրաման և «Մուրացան» կեղծանունով ներկայացնում Հայ թատրոնի վարչությանը։ Դրաման անսպասելի հաջողություն է բերում հեղինակին։ Ամենուրեք խոսում են նոր տաղանդի մասին։ Հայ հարուստները խոստանում են միջոցներ տալ գրողին՝ արտասահման գնալու և կրթությունը շարունակելու։ Սակայն խոստումները շուտով մոռացվում են և Մուրացանը մինչև կյանքի վերջ ստիպված է լինում հաշվապահի պաշտոնը համատեղել գրական աշխատանքի հետ։ Կենսագրական այդ դառը փաստից նա ստեղծում է «Հասարակաց որդեգիրը» ազդեցիկ պատմվածքը։
1889 թ. «Նոր դար» լրագրում տպագրվում է «Խորհրդավոր միանձնուհի» վիպակը։ 1896 թվականին «Արձագանքում» տպագրվում է «Գևորգ Մարզպետունի» վեպը։ «Լումա» ամսագրում լույս են տեսնում «Նոյի ագռավը» պատմվածքը (1899 թ.) և «Առաքյալը» վիպակը (1902 թ.)։
Մուրացանը հռչակվում է։ Բայց ծանր աշխատանքը խոր ազդեցություն է թողնում նրա հոգեկան աշխարհի վրա. 1908 թվականին երևան են գալիս հոգեկան խանգարման նշաններ։ Մուրացանը վախճանվում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում՝ անավարտ թողած իր ստեղծագործական մտահղացումները։
Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպը
Մուրացանը նկարագրում է Հայաստանը 10-րդ դարում։ Երկիրը կառավարում է «հաղթանդամ» արքա Աշոտ Բ Երկաթը՝ Բագրատունիների արքայատոհմի ներկայացուցիչը։ Ժողովրդի մեջ նա անմահացավ այն ժամանակ, երբ աշխույժ զինված պայքար սկսեց երկար տարիներ Հայաստանը ասպատակող արաբների դեմ։ Պատերազմում հաղթում է Յուսուֆ ամիրային։ Աշոտ Բ-ն կարողացավ վրեժխնդիր լինել որոշ «հագարացի» (արաբ) զորապետերից, որոնք մասնակցել էին իր հոր Սմբատ Ա-ի սպանությանը։ Վրեժը չի հասնում միայն դավաճան Գագիկ Արծրունուն, ում օգնությամբ «հագարացիք» մահապատժի ենթարկեցին Սմբատ Բագրատունուն։ Արծրունին վերջիվերջո Վասպուրականի թագավոր է հռչակվում։
Սակայն խաղաղ կյանքը երկար չի տևում։ Դարձյալ սկսվում են արաբ ժողովրդի ասպատակությունները դեպի հայ հողեր։ Հայաստանը նորից ընկնում է արաբական լծի տակ։ Երկրի ներսում թշնամական իրավիճակ է տիրում։ Իշխաններ Սահակ Սևադան և Ցլիկ Ամրամը, անձնական տարաձայնություններից ելնելով, ապստամբություն են բարձրացնում արքայի դեմ։ Համարյա բոլոր իշխաններն ու նախարարները փակվում են իրենց ամրոցներում և սպասում, թե ինչով կավարտվի ընդվզումը։
Այս ամենը տեսնելով՝ ոտքի է ելնում խիզախ ու հայրենասեր իշխան Գևորգ Մարզպետունին։ Մարտնչելով թշնամիների դեմ՝ նա միաժամանակ փորձում է խելքի բերել ապստամբներին, փորձում է համախմբել բոլոր հայ զորապետերին, նախարարներին։ Մարզպետունին ոգևորում է արքա Աշոտ Երկաթին, երբ մարտի դաշտ է իջնում ընդամենը քսան հոգով և խորամանկությամբ կարողանում է հաղթել թշնամուն։ Դրանից հետո Աշոտը, որ առաջ հոգեպես ծանր վիճակում էր գտնվում, կազմակերպում է հայտնի Սևանի ճակատամարտը։
Աստիճանաբար երկրում ազատության և խաղաղ կյանքի հույսեր են հայտնվում։