«Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը», «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում», Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը, Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում

Արտաշես 1-ինի բարեփոխումները

Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։ Խրախուսել է քաղաքաշինությունը, գիտության և արվեստի զարգացումը։ Նրա ժամանակ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը։ Վախճանվել է ծեր հասակում։ Գահը ժառանգել է ավագ որդին՝ Արտավազդ Ա: Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների։ Արտաշեսի վերափոխիչ գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը։ Արևելքում տարածված սովորույթ էր, որ նոր արքայատոհմի հիմնադիրը, գահ բարձրանալով, նոր մայրաքաղաք էր կառուցում։ Արտաշատը կառուցում է մոտ Ք.ա. 185 թվականին Արարատյան դաշտում՝ Երասխ և Մեծամոր գետերի ջրկիցում։ Քաղաքի անառիկ դիրքը նկատի ունենալով՝ հունահռոմեական պատմիչներն այն անվանել են «Հայկական Կարթագեն»: Արտաշեսը կառուցել է նաև այլ քաղաքներ Զարեհավան, Զարիշատ և այլն։ Վերջիններս անվանվել են ի պատիվ Արտաշեսի հոր՝ Զարեհի։

Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք

Տրդատ I Արշակունու ժամանակներից պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր թագավորը, որի իշխանությունն անսահմանափակ էր: Հայոց արքային էին ենթարկվում դեռևս նախորդ դարաշրջաններում առաջացած արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավաում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերող գործերը: Մեծ Հայքի թագավորության վարչական բաժանումն ավանդաբար համապատասխանում էր աշխարհների՝ նահանգների՝ բնականից գավառաբաժանման վրա հիմնված պետական, մասնատիրական և համայնքային սեփականատիրությանը գերագույն տիրոջ՝ թագավոի տնօրինությամբ:

Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (Ք.ա. մոտ 840-825 թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հայաստանյան տի­րա­կալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայ­նական) սեպագիր հուշարձաններում:

Իշպուինի արքայի օրոք (Ք.ա. մոտ 825-810 թթ.) միջագետքյան սեպագրության բա­րեփոխմամբ ստեղծվեց տեղական (բիայնական կամ ուրար­տական) սեպագրային համակարգը (ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ[1]: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրա­յին բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոն­յան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յու­րա­քանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ըն­թերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազ­վադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրե­թե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետ­քից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմ­նա­կանում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշաններն մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կո­թողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշան­ներն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարին­վում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սե­պիկ­ները վերածվում են հորիզո­նականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:

Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունու­մը Հայաստանում գործածվում են այբբենական գրային համակարգերը (ի տար­բերություն նախկինում գործածված բառային ու վանկային համա­կարգերի): Դրանցից առավել լայն տարածում գտավ հունարենը` իր գրահամակարգով (ձախից աջ գրություն, 24 տառ), որը կիրառվում է Ք.ա. III դարից սկսած, իսկ քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ավելի լայնորեն գործածվում է, հատկապես, կրոնական քարոզ­չության նպատակով:

Թողնել մեկնաբանություն