ՀԱՅ ՊԱՏՄԱԳԻՐՆԵՐԸ

Առաջին պատմագիրների (Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ Կորյուն, Եղիշե, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի) երկերն ունեն ազգային բովանդակություն, գրվել են գործնական նպատակադրումով՝ կապված ժամանակի առաջադրած որոշակի խնդիրների հետ։ Ագաթանգեղոսի երկը պայմանավորվել է քրիստոնեության դարձով, Կորյունինը՝ հայ գրերի ստեղծմամբ, Եղիշեինը՝ պարսկական գերիշխանության դեմ Ավարայրի ճակատամարտով (451 թվական), Փավստոս Բուզանդինը, Մովսես Խորենացունը և Ղազար Փարպեցունը՝ քաղաքական և հոգևոր մաքառմամբ։ Օգտագործելով աստվածաշնչյան և հունա-հռոմեական պատմափիլիսոփայության միտքը՝ 5-րդ դարի պատմիչներն ստեղծել են պատմագրության նոր մեթոդներ ու բարոյագիտական նորմեր, նոր պատկերացում՝ պատմության նշանակության մասին։ Մովսես Խորենացին բարձր է գնահատել նախորդ մատենագիրների (հայ և օտար) երկերն ու հմտորեն օգտագործել դրանք իր պատմությունը շարադրելիս։ Ղազար Փարպեցին պատմագրից պահանջում է չեղածը չավելացնել, եղածները չպակասեցնել և չկրճատել, այլ բոլորը հրապարակ հանել բարեմիտ զգուշավորությամբ։ Մովսես Խորենացին իր երկի վերջում զետեղած «Ողբում» անդրադառնում է Հայաստանի 5-րդ դարի քաղաքական, սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մերկացնում հասարակական կյանքում արմատացած արատավոր բարքերը։ Համաբնույթ գործ է նաև Ղազար Փարպեցու նամակը՝ հղած սպարապետ Վահան Մամիկոնյանին։ Փավստոս Բուզանդի «Պատմութիւն Հայոց»-ը, ստեղծված լինելով ժողովրդական ավանդույթների հենքի վրա, ներշնչված է հայրենիքի, հայրենի հողի և ջրի հզորության գաղափարով, քաղաքական գործիչները ներկայացված են ժողովրդական վեպին բնորոշ գեղարվեստական գծերով։ Եղիշեի «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին» երկն արժեքավոր է պատմական ճշմարտացիության և բանաստեղծ, շարադրանքի միահյուսմամբ։

Թողնել մեկնաբանություն