Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյան հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։

Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]: 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները՝ հիմնված Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Հայրենիքիս հետ

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․

Բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության մասին է:

Բանաստեղծության ներկայացված վերջին տունը հավատի մասին է, Թումանյանը հավատում է որ Հայաստանը դառնալու է հզոր ու անհաղթ և Արարատը ետ է գալու հայրենիք։

Քառյակ

Քառյակ, չորս տողից բաղկացած բանաստեղծություն։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։

Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից (օրինակ՝ Նահապետ Քուչակի և Գրիգորիս Աղթամարցու քառյակները)։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։

Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի:

Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորում՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։

Հայրեն

Հայրեն, հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունը, խաղաղությունը և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։ Բայց 15-17-րդ դարերի որոշ ձեռագրերում պանդխտության և խոհա-խրատական հայրենների մեծ մասի հեղինակ է նշվում Հովհաննես Երզնկացին։ Իսկ սիրային հայրենները հանդիպում են առանց հեղինակային անվան, սակայն 1882 թ-ին որոշ հեղինակներ և գրականագետներ հայրենների հեղինակ են ճանաչում Նահապետ Քուչակին։ Հայրենները Քուչակի երգերը չեն, դրանք գուսանաժողովրդական երգեր են։ Հայրենները գեղարվեստական բարձր հատկություններով օժտված արժեքներ են, «Հայ քնարերգության ամենասքանչելի գանձերը», ասել է Վալերի Բրյուսովը։

One thought on “Հովհաննես Թումանյան

Թողնել մեկնաբանություն