Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։
Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։
1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։
Հայդուկային շարժումը մեծ տարածում էր գտել նաև Արևմտյան և Արևելյան Հայաստաններում 19-րդ դարից սկսած։ Հայ հայդուկների շարքում կարևոր է նշել Արաբոյին, Աղբյուր Սերոբին, Անդրանիկին, Դժոխք Հրայրին, Գալեին, Մախլուտոյին, Գևորգ Չաուշին։