Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին

Արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը

1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։ 1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

Օսմանյան կառավարությունն ամեն կերպ խոչընդոտել է Ազգային սահմանադրության կիրառումը, իսկ 1896-ին Աբդուլ Համիդ II նույնիսկ արգելել է այն։ 1908-ին, կրկին արտոնվելով, Ազգային սահմանադրությունը գործել է մինչև առաջին աշխարհամարտը (1914–18), երբ Կ. Պոլսի ազգային մարմինների անդամների մեծագույն մասը դարձավ Մեծ եղեռնի զոհ։ 1916-ի օգոստոսի 10-ին երիտթուրքական կառավարությունը «Նոր կանոնադրություն հայոց պատրիարքության վերաբերյալ» օրենքով էական սահմանափակումների է ենթարկել Ազգային սահմանադրությունը, որի գործունեությունը վերջնականապես կասեցվել է հանրապետական Թուրքիայում (թեև որոշ դրույթներ ներկայումս դեռ կիրառվում են)։

Այնուամենայնիվ, Ազգային սահմանադրությունը զգալի հետք է թողել սփյուռքահայ իրականության մեջ։ Նրա հիմնական սկզբունքներն ընկած են ժամանակակից սփյուռքի շատ համայնքների կանոնադրությունների հիմքում (ԱՄՆ, Բուլղարիա, Եգիպտոս, Լիբանան, Հունաստան, Ռումինիա, Սիրիա և այլն)։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 1992-ին ընդունած կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ վերջինիս հիմքը Ազգային սահմանադրությունն է՝ «իր ոգով և էական սկզբունքներով»։

Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները

Զեյթունի առաջին ապստամբությունը տեղի ունեցել 1862 թվականին օսմանյան կայսրության և Զեյթունի հայերի միջև: Զեյթունի շրջանը երկար ժամանակ եղել է ինքնավար, գրեթե անկախ հայկական շրջան Օսմանյան կայսրության կազմում: 1862 թվականի ամռանը Օսմանյան կայսրության սուլթանը փորձել է վերացնել Զեյթունի ինքնավարությունը, սակայն դա նրան չի հաջողվել:

1860 թվականի հունիսին Օսմանյան կայրության հրամանատար Խուրշիդ փաշան 12 հազարանոց բանակով հասավ Ջահան գետի մոտ: Նա պահանջ ներկայացրեց Զեյթունի բնակչությանը վճարել հարկերը և հրաժարվել ինքնավարությունից: Զեյթունի բնակչությունը հրաժարվեց և հարձակում գործեց փաշայի զորքի վրա՝ պարտության մատնելով: Օսմանյան զորքը հեռացավ Մարաշ:

Զեյթունի ապստամբությունից հետո Զեյթունի գավառակի վրա նոր հարձակում պատրաստվեց։ Կոստանդնուպոլսի պատրիարքի և Ֆրանսիայի միջնորդությամբ ճնշումներ գործադրվեց Օսմանյան կայսրության վրա, որի պատճառով հարձակումը տեղի չունեցոավ, իսկ Զեյթունի բնակչությունը ընդունեց Օսմանյան կայսրության գերիշխանությունը։ Իսկ ֆրանսիացիները զեյթունցիներից պահանջեցին դառնալ Կաթոլիկ եկեղեցու հետևորդ։

Թողնել մեկնաբանություն