Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։
«Արևելյան հարց» հասկացությունն առաջին անգամ գործածել են Սրբազան դաշինքի (Ռուսական կայսրություն, Ավստրիա, Պրուսիա, Ֆրանսիա և այլն) երկրները՝ 1822 թ-ի Վերոնայի կոնգրեսում՝ Թուրքիայի դեմ Հունաստանի մղած անկախության պատերազմի առիթով։ Արևելյան հարցի պատմությունն սկսվել է XVIII դարի վերջից և ավարտվել Առաջին համաշխարհային պատերազմով (1914–1918 թթ.), երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը։ Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը։ 1877-1878 թթ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո կնքված Սան Ստեֆանոյի, ապա՝ Բեռլինի պայմանագրերի (1878 թ.) փաստաթղթերում, միջազգային դիվանագիտության մեջ առաջին անգամ գործածվել է նաև «Հայկական հարց» հասկացությունը և դարձել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը։ Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտության հետևանքով Օսմանյան կայսրությունից անջատվել են առանձին ազգապատկան տարածքներ։ Սևրի հաշտության պայմանագրով (1920 թ.) ճանաչվել է նաև անկախ և միացյալ Հայաստանի գոյությունը։ Սակայն Թուրքիայում ծավալված ազգայնամոլական շարժումը, քեմալական Թուրքիայի և Խորհրդային Ռուսաստանի մերձեցումը խոչընդոտել են Սևրի պայմանագրի իրագործումը. Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան մնացել են թուրքական տիրապետության տակ։ 1922–1923 թթ-ի Լոզանի կոնֆերանսում ճանաչվել են Թուրքիայի նոր սահմանները. Օսմանյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալուց, և «Արևելյան հարց» հասկացությունը դուրս է եկել ասպարեզից։ Արևելյան հարցը լուծվել է, սակայն Հայկական հարցը շարունակում է մնալ չլուծված։
Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները
1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատևի ու Ա. Նելիդովի, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշայի ու Սահադուլլահ բեյի կողմից։ Արևմտահայ շատ գործիչներ՝ հոգևորականներ, հայոց Ազգային ժողովի երեսփոխաններ, այդ թվում ժողովի ատենապետ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները
- Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
- Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
- Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)
Պայմանագրի համաձայն.՝
- Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
- Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։
Ի՞նչ դասեր քաղեցին հայերը Բեռլինի վեհաժողովից
Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝
- Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.
Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։