1. Ինչ է քաղաքագիտությունը
Քաղաքագիտություն կամ Քաղա- քական գիտություն, գիտություն քաղաքա- կանության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։
Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։
2. Պետության ձևերը
Պետության ձև, ըստ պետության և իրավունքի տեսության՝ գործնականում քաղաքական նշանակություն ունեցող կառուցվածքային տարր, պետության ներքին կառուցվածքի որոշակի մոդել, որը ներառում է պետական իշխանության մարմինների կազմակերպման ձևը, տարածքի կառուցվածքային առանձնահատկությունները և իշխանության իրականացման մեթոդները։
Պետության ձևի բաղադրատարրերն են՝
Պետական կառավարման ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխկապակցվածությունը, ինչպես նաև պետական մարմինների ձևավորման գործընթացին տվյալ երկրի բնակչության մասնակցությունը։ Ըստ կառավարման ձևերի՝ պետությունները լինում են հանրապետություններ և միապետություններ՝ իրենց առանձին ենթատեսակներով։
Պետության կառուցվածքի ձև՝ գերագույն պետական իշխանության կազմակերպման եղանակը, որը ներառում է պետական իշխանության լիազորությունների շրջանակներում գտնվող տարածքի բաժանման կազմակերպումը, պետության ներքին տրոհումը, պետության և նրա բաղկացուցիչ մասերի միջև փոխհարաբերությունների կողմնորոշիչ բնույթը։
Պետաիրավական ռեժիմ՝ պետական իշխանության իրականացման միջոցների, մեթոդների և եղանակների համակցությունը։ Ըստ վարչաձևի՝ պետությունները լինում են ժողովրդավարական և հակաժողովրդավարական՝ սնուցված ավտորիտար (ամբողջատիրական) բնությամբ։
Ըստ պետական կառավարման ռեժների (պետական մարմինների դերը պետության կառուցակարգում)՝ հանրապետությունները լինում են նախագահական (կառավարությունը ձևավորվում է նախագահի կողմից և հաշվետու է միայն վերջինիս առջև), խորհրդարանական (կառավարությունը ձևավորվում է ժողովրդի ձայների մեծամասնությունը ստացած կուսակցության կողմից և հաշվետու է օրենսդիր մարմնի առջև) և խառը (կամ կիսանախագահական)։ Ժամանակակից նախագահական հանրապետության օրինակներ են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բրազիլիան, կիսանախագահական հանրապետություններ են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, Լեհաստանը, Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը, խորհրդարանական հանրապետություններ են՝ Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Հայաստանը (2015 թվականից), Վրաստանը, Հնդկաստանը և այլն։