Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից գաղթած ու Արևելյան Հայաստանում արմատներ նետած իմ պապերը այստեղ էլ կարողացան ճյուղեր տալ և կայանալ՝ Ստեփանյան Երեմից- Ստեփանյան Մարատ՝ պապս ու նրա անունը կրող իրենց Մարատ թոռը։
Ազնիվ, աշխատասեր ու շատ խելացի իմ գերդաստանում ծնվել ու մեծացել են խելոք ու բարեկիրթ մարդիկ։
Հայրս և՛ դպրոցում, և՛ բուհում, կյանքում և աշխատավայրում՝ միշտ օրինակելի, ծայրահեղ կարգապահ ու ազգասեր։ Մայրս՝ անբիծ, աշխատասեր ու քնքուշ։ Եղբայրս՝ գերազանց սովորող, օրինակելի։ Ասում են՝ «ծառն արմատի վրա է բուսնում, իսկ որքան ամուր ու առողջ է արմատը, այնքան փարթամ է սաղարթը»…
Լավ է, նույնիսկ շատ լավ է, երբ մարդ չի ամաչում իր գերդաստանի, իր արմատների պատճառով, գլուխը չի կախում ամոթից։ Համենայնդեպս՝ ես դրա առիթը չունեմ։ Ինձ մնում է միայն աներեր պահել հայրենիքի համար անձնուրաց կռված իմ Մարատ պապի անունը, հպարտանալ իմ բանիմաց քիմիկոս Օֆելյա տատով և վստահ ապրել իմ ազատ ու անկախ Հայաստանում։