Վահան Թեքեյան, Մահերգ նահատակաց

Վահան Թեքեյան

Վահան Թեքեյան – Հուրի Իսկանյան

Ծնվել է 1878 թվականի հունվարի 21-ին Կ. Պոլսի Օրթագյուղ թաղամասում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, եղել Ներսիսյան, Պերպերյան, Կեդրոնական վարժարանների սանը։ 1896 թվականին որպես առևտրական պաշտոնյա մեկնում է Եվրոպա, ապա հաստատվում Եգիպտոսում։ Այստեղից անընդհատ աշխատակցում է արևմտահայ պարբերականներին, իսկ 1905 թվականից ժամանակի հայ գրողներին համախմբում իր հիմնադրած «Շիրակ» պարբերականի շուրջը։

Համիդյան բռնակալության անկումից հետո Թեքեյանը «Շիրակը» տեղափոխում է Կ. Պոլիս, հաստատվում այստեղ, մասնակցում ազգային-հասարակական կյանքին։ 1914 թ. Թեքեյանը կրկին Եգիպտոսում էր, մի բարեբախտության, որը նրան հնարավորություն տվեց փրկվելու արյունահեղ կոտորածից։ Սակայն գրական-մանկավարժական կյանքը ծննդավայրում անցկացնելու ձգտումը դարձյալ հանգիստ չի տալիս նրան, և վերադառնալով Պոլիս, սկսում է խմբագրել «Ժողովուրդի ձայն» օրաթերթը, ապա վարում Կեդրոնական վարժարանի տնօրենի պաշտոնը։ Քաղաքական կյանքն, այնուամենայնիվ, ստիպում է գրողին կրկին ապաստան գտնել Եգիպտոսում, ուր մինչև կյանքի վերջը խմբագրում է «Արև» օրաթերթը։

Վախճանվել է Կահիրեում 1945 թ. ապրիլի 4–ին։ Թեքեյանի աճյունը հանգչում է Կահիրեի հայկական գերեզմանատանը։

Մեջբերումներ Վահան Թեքեյանի մասին

… Նա դարձավ սփյուռքի հայության ամենաճանաչված բանաստեղծը, նրա դառն օրերի ողբասացը, նրա ծանր ապրումների և հույսերի երգիչը և մահացավ իբրև ազնիվ հայրենասեր՝ հոգով ու սրտով իրեն կապված զգալով մայր հայրենիքին։— Վաղարշակ Նորենց

Թեքեյանի լավագույն բանաստեղծությունները կարդալիս ինձ միշտ թվացել է, թե կանգնել եմ մեր ճարտարապետական որևէ նշանավոր կոթողի դեմ՝ նույն խորհրդավոր խոհունությունը, ձևերի նույն ներդաշնակությունը, նույն անզարդ ու զուսպ վեհությունը։— Վահագն Դավթյան

Մահերգ նահատակաց

Անոնց համար որ ինկան
Ըզմեզ ազատ ուզելով՝
Սրտերը մեր քովե քով
Կ’ըլլան այսօր մեկ խորան։

Անոնց հոգվոյն պաշտամունք
Մեր մեն մի խոհն է հիմա,
Դեպի անոնց կ’ամբառնայ
Մեր յոյսն ու սերն իբրեւ խունկ

Եվ մեր ցավի սըկիհեն
Անոնց մարմինն ու արյունն
Իբր անսահման սրբություն
Մենք կ’ընդունինք սրբօրեն։

Թողնել մեկնաբանություն