Ժամանակակից պարսկական պոեզիա
Ալիռեզա Ռոշան
Թռչունը մահկանացու է
Սիրտս նեղված է,
սիրտս նեղված է…
Դուրս եմ գալիս պատշգամբ
ու մատներս գիշերվա ձգված մաշկին հպում…
Մտերմության լույսերը մարած են,
մտերմության լույսերը մարած են…
Ինձ ոչ ոք չի ծանոթացնի արևի հետ,
ինձ ոչ ոք չի տանի ճնճուղների խնջույքին…
Հիշի՛ր թռիչքը,
թռչունը մահկանացու է։
Ռեզա Քազեմի
Փողոցում
մեկը սուլելով մոտենում է
սենյակիս պատուհանին։
Սենյակի խավարում,
աչքս՝ ծխախոտիս կրակին,
մտածում եմ նրա մասին,
ով կարծում է՝ միայնակ է։
Փողոցում
մեկը սուլելով հեռանում է
սենյակիս պատուհանից։
Շամս Լանգեռուդի
Ափի երազանք
Մի բան արա, որ ափը
քեզ հասնելու երազանք լինի,
ծովում
ելք չկա սիրահարվելուց բացի…
Վախենամ՝
խորտակվեմ քո մեջ,
ու այնպահ անգամ երազիս
քեզնից բաժին չհասնի…
2 thoughts on “Տարածաշրջանային գրականություն”