Թափոններ, մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։ Թափոնները մթնոլորտային օդի, ընդերքի, ջրերի և հողերի աղտոտման աղբյուր են։ Թափոն են համարվում այն թափոնները, որոնք ձևավորվում են մարդկային գործունեության ընթացքում:
Թափոնների (աղբի) առաջացումը որպես երևույթ հեշտ է բացատրել կառավարման տեսության տեսակետից: Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել:
Շրջակա միջավայրի վրա թափոնների ներգործությունը որոշելու և կանխատեսելու, դրանց բացասական հետևանքները ժամանակին բացահայտելու ու կանխարգելելու նպատակով արտադրողները և տնօրինողները իրականացնում են պարբերական մոնիտորինգ։
Կենցաղային և արդյունաբերական թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով։
Արդյունաբերական թափոնների կրճատման նպատակով ՀՀ-ում մշակվել են քիմիական նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ չհագեցած միացությունների հալոգենացումը ցածր ջերմաստիճանում պրոտոնազուրկ երկբևեռ լուծիչներում իրականացնելիս նպաստում է քլորոպրենի արտադրական թափոնի կրճատմանը)։
Թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են թափոնների բացասական ներգործությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումը, նյութահումքային և էներգետիկ պաշարների թույլատրելի օգտագործման ապահովումը, թափոնների գործածության վերաբերյալ հասարակության էկոլոգիական, տնտեսական և սոցիալական շահերի զուգակցումը։
Թափոնների գործածության ընթացքում մշակվում են սանիտարական և հակահամաճարակային կանոններ, հիգիենային չափորոշիչներ՝ մարդու օրգանիզմի վրա վնասակար ու վտանգավոր ազդեցության բացառման նպատակով։
Մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանության ու թափոնների ծավալների նվազեցման նպատակով թափոնների գործածության մեջ ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանվում են թափոնների տեղադրման սահմանաքանակներ՝ շրջակա միջավայրի վրա սահմանային թույլատրելի վտանգավոր ներգործությունների չափորոշիչներին համապատասխան։
One thought on “Թափոնների հիմնախնդիրը”