Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը վկայում է (հատկապես 17-րդ դարից սկսած), որ այն ընթացել է շուկայական մրցակցային մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման պայմաններում: Ընդ որում, մերթընդմերթ գերակայել է մեկը կամ մյուսը: Դրան համապատասխան էլ հաջորդաբար իրար փոխարինելու են եկել տնտեսական գործընթացներում պետության դերի ակտիվացման կողմնակիցները (առաջին հերթին քեյնսականները, որոնց սկզբունքները տասնամյակներ շարունակ, մինչև 20-րդ դարի 70-ական թվականները, գերակայում էին ինչպես տեսական տնտեսագիտությունում, այնպես էլ գործնականում տնտեսության պետական կարգավորման բնագավառում) և այն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները, որոնք առաջնային էին համարում շուկայական մեխանիզմները և պետության խնդիրն էին համարում այդ մեխանիզմներին աջակցելը (մոնետարիզմ, առաջարկի տնտեսագիտություն, նեոլիբե- րալիզմ, որոնք մեծ նշանակություն ստացան 1980-90-ական թթ.):Աշխարհի բոլոր երկրներում պետական ինստիտուտը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Համաշխարհային տնտեսությունում կատարվող անընդհատ փոփոխությունները ստիպում են գտնել պետությանը վերապահված հիմնական հարցերի պատասխանները. ինչպիսին պետք է լինի պետության կարգավորիչ դերը տնտեսական համակարգում, որ հարցերով պետք է զբաղվի, որոնցով ոչ, այս կամ այն իրավիճակներում ինչպիսի օպտիմալ որոշումներ պետք է կայացնի: