Պահանջարկ, ապրանքների ու ծառայությունների այն քանակն է, որը գնորդները ցանկանում են գնել տվյալ պահին, տվյալ գնով։ Պահանջարկի չափերը որոշվում են գնորդների վճարունակ հնարավորություններով, այսինքն՝ դրամական միջոցների այն գումարով, որով պետք է ապրանքներ գնվեն։ Տարբերում են բնակչության կամ անձնական (անհատական) և արտադրողների կամ արտադրական (արտադրողական)։ Պահանջարկի առաջին օբյեկտ են ժողովրդական սպառման ապրանքներն ու անձնական սպառման համար օգտագործվող ծառայությունները, երկրորդի՝ արտադրողական սպառման պրոցեսում կիրառվող արտադրության միջոցները։ Պահանջարկի մեծությունը պայմանավորված է գնով։ Այդ մեծության վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ։ Պահանջարկը հասարակության ամբողջ պահանջմունքը չէ, այլ միայն բավարարման ենթակա, դրամական միջոցներով ապահովված ապրանքային զանգվածի պահանջմունքը։ Պահանջարկի մեծության միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, այս հակադարձ կապն անվանվում է պահանջարկի օրենք։
Պահանջարկի օրենք
Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն անվանում են պահանջարկի օրենք։ Օրենքի հիմքում ընկած է՝
- Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
- Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
- Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
- Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։
Պահանջարկի փոփոխություն
Պահանջարկի կոր, ցույց է տալիս, թե գնորդները տվյալ պահին տարբեր գներով ինչ քանակի տնտեսական բարիքներ են պատրաստ գնելու։ Ապրանքների քանակությունը, որը գնվում է մարդկանց կողմից, կախված է դրանց գներից։ Ապրանքի շուկայական գնի և այն քանակության միջև, որի նկատմամբ ներկայացվում է պահանջարկ, գոյություն ունի որոշակի փոխհարաբերակցություն։ Քանակային արտահայտությամբ՝ ապրանքների պահանջարկը փոխվում է տվյալ ապրանքի գնին հակադարձ համեմատական։ Ապրանքի բարձր գինը սահմանափակում է դրա պահանջարկը, իսկ գնի իջեցումը, որպես կանոն, առաջ է բերում պահանջարկի ավելացում։ Այդ կախվածությունը կարելի է արտահայտել գծանկարի միջոցով, որը կոչվում է պահանջարկի կոր։ Եթե աբսցիսների առանցքն ընդունենք որպես ապրանքների քանակ (Q), որի նկատմամբ ներկայացված է պահանջարկը, իսկ օրդինատների առանցքը՝ գին (P), ապա պահանջարկի (D) կորը կներկայացվի վարընթաց տեսքով՝ իջնելով ձախից աջ։ Եթե մյուս գործոնների անփոփոխ լինելու դեպքում գներն իջնում են, ապա պահանջարկն աճում է և հակառակը. գների բարձրացումն առաջ է բերում պահանջարկի քանակական նվազում։ Եթե ազդում է գնային գործոնը ապա փոփոխվում է պահանջարկի մեծությունը(շարժվում է աջ և ձախ D կորի երկայնքով)։ Ոչ գնային գործոնների ազդեցության պատճառով տեղի է ունենում պահանջարկի փոփոխություն։ Պահանջարկի ավելացման դեպքում D կորը տեղափոխվում է D1 դիրքը, իսկ պակասեցման դեպքում- D2։
Համաճարակային իրավիճակներում մեծ պահանջարկ են ձեռք բերում՝ բժշկական դիմակները, ալկոգելերը(սպիրտ), բժշկական ձեռնոցները, պարենային մթեքները(օր.՝ալյուր), ցիտրուսային մրգերը և այլն։ Այս իրավիճակներում պահանջազրկվում է բենզինը, քանի որ մարդիկ դադարում են տանից դուրս գալ և գնազրկվում է։ Նաև պահանջազրկվում են հագուստը, զարդերը։
Ոչ համաճարակային իրավիճակներում պահանջարկ ունեն հետևյալ ապրանքները՝ սնունդը, հագուստը, սուրճը և այլն։ Պահանջազրկվում է ալկոհոլը, բժշկական պարագաները, հակավիրուսային դեղերը և այլն։