Կենսաբանական ռեսուրսներ
Բնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում` միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98 %-ը: Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրանց կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից
Վայրի բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է իր կենցաղում և տնտեսության մեջ, չափազանց բազմատեսակ են: Ցամաքում կենսաբանական ռեսուրսի կարևոր տարատեսակ են աշխարհի անտառային ռեսուրսները: Անտառները զբաղեցնում են երկրագնդի ցամաքային մակերեսի 26%-ը: Սա միջինացված ցուցանիշն է: Իրականում անտառը ևս, ջրային ռեսուրսների նման, երկրագնդում բաշխված է խիստ անհամաչափ: Համաշխարհային անտառային ռեսուրսները հիմնականում տարածվում են հասարակածային, խոնավ արևադարձային ու մերձարևադարձային կլիմայի ձևավորման շրջաններում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում:
Վերջին 200 տարվա ընթացքում փայտանյութի չափազանց մեծ ծավալներով մթերման, ինչպես նաև անտառների տարածքի հողերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հետևանքով երկրագնդի անտառների ընդհանուր տարածքը կրճատվել է առնվազն երկու անգամ: Հատկապես արագ կրճատվում են հասարակածային անտառները: Դրա գլխավոր պատճառը զանգվածային անտառահատումներն են։
Անտառների զանգվածային ոչնչացումը, փայտանյութի ռեսուրսային անբավարարությունից բացի, կարող է հանգեցնել նաև էկոլոգիական աղետի ամբողջ աշխարհում, այսինքն` երկրագնդի բնական պայմանները կփոփոխվեն այն աստիճան, որ մարդկանց առողջության համար կդառնան վնասակար: Անտառահատումը և անապատացումը վտանգում են կենսաբանական և հողային ռեսուրսների պահպանությանը։
Կենսաբազմազանության պահպանությունը բնապահպանական կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է: Այս գործում կարևոր նշանակություն ունեն բնապահպանական օրենքները, «Կարմիր գրքերը», հատուկ պահպանվող տարածքների առանձնացումը և բնապահպանական միջոցառումների իրականացումը:
Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ
Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է: Օրինակ. մարդը սնվում տարբեր կենդանատեսակներով, որոնք իրենց հերթից սնվում են բույսերով: Բույսերը և կենդանիները փոխազդում են ջրոլորտի հետ, որովհետև ջուրը անհրաժեշտ է նրանց կյանքի համար: Բույսերը կատարում են ֆոտոսինթեզ` շնչում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին: Կենսոլորտը փոխազդում է նաև մարդոլորտի հետ:
Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում:
Կենդանական ռեսուրսները պահպանելու համար գլխավորը որսի կարգավորումն է: Այսինքն պետք է որսը կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի քանակ սահմանվի հատուկ վայրերում, հատուկ կենդանիների համար, և շատ դեպքերում էլ արգելվի:
Կենդանական աշխարհի պահպանման այլ եղանակ է արգելոցների ստեղծումը, և վերացող տեսակներին դասվող կենդանիների համար, կենսաբազմազանության նպաստող բնակավայրի ստեղծումը, որը նույնպես կարելի է կիրառել ՀՀ-ում:
Ի՞նչ է կլիմայավարժեցումը
Դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների:
Կլիմայավարժեցման, կենդանիների վերաբնակեցման ու պահպանման հարցերում մեծ դեր են խաղում արգելոցները, արգելավայրերը և ազգային պարկերը: Կլիմայավարժեցումն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմը:Դրական կողմն այն է, որ վերաբնակեցման շնորհիվ հնարավոր է վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը, իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից: Իսկ բացասական կողմը այն է, որ կլիմայավարժեցման հետևանքով կենդանիները փոխում են իրենց բնական ձևը, տեսքը և որոշ հատկություններ։ Օրինակ դառնում են իրենց բնական չափից ավելի մեծ, կամ փոքր: