Վահանանց պատերազմ


Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին։

Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին։ Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ։

Իրադրությունը Վարդանանց պատերազմից հետո

450-451 թվականներին տեղի ունեցած Վարդանանց պատերազմից հետո պարսից արքունիքի մեղմ քաղաքականությունը ժամանակավոր բնույթ էր կրում։ Տիզբոնը չէր հրաժարվել իր վաղեմի ծրագրերից, բայց այժմ գործում էր ավելի նուրբ եղանակներով։ Բռնի հավատափոխության փոխարեն պարսիկները պայմաններ էին ստեղծում, որպեսզի հայերն իրենց կամքով ուրանան հայրենի կրոնը։ Զրադաշտականություն ընդունած նախարարները հարուստ կալվածքներ էին ստանում, պատվի և պարգևների արժանանում։ Սեպուհների որոշ մասն էլ ընդունում էր զրադաշտականություն և բարձր դիրքի հասնում։ Հավատուրացության տարածումը իսկական աղետ էր Հայոց եկեղեցու և թե՛ հայ ժողովրդի համար։ Վտանգ կար, որ հավատուրացությունը կարող էր տարածվել նաև ժողովրդի լայն շրջաններում։

Նախարարական ավագանին խիստ դժգոհ էր, որ պարսիկները պաշտոնները տալիս էին ուրացողներին։ Հայաստանը կառավարող պարսիկ պաշտոնյաներն ամեն տեսակի ապօրինություններ էին գործում։ Հարկերը նորից ծանրացան։ ժողովրդի մեջ պարսկական լծի դեմ դժգոհությունը գնալով մեծանում էր:

Շիրակի ժողով

481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգ թագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչել պարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմ ուղարկված հայ նախարարները Շիրակում գաղտնի ժողով գումարեցին և որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպան Ատրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունը գլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդի Վահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցին փախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնք կազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ա կաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը։
Հայաստանից փախած մարզպան Ատրվշնասպը հավաքեց Ատրպատականում եղած պարսից զորքերը և շարժվեց դեպի Այրարատ։ Պարսիկները շտապում էրն իր բնում ճզմել ապստամբությունը, արյան մեջ խեղդել հայերի նոր ելույթը և թույլ չտալ, որ ապստամբության կրակը տարածվի ամբողջ Հայաստանում։

Թշնամուն հանդիպելով Երասխի ափին՝ ապստամբները, հաշվի առնելով իրենց փոքրաթվությունը (ընդամենը 400 հեծյալ), գիտակցաբար խուսափեցին բաց դաշտում ճակատամարտ տալուց։ Նրանք կարճատև կռիվներով պարսիկներին քաշեցին դեպի Մասիսի լեռնալանջերը, որտեղ էլ, Ակոռի գյուղի մոտ, տեղի ունեցավ ճակատամարտը։ Լեռնային տեղանքում կորցնելով մարտակարգը՝ պարսկական 7 000-անոց հետևակ զորաբանակը չկարողացավ օգտվել իր թվական գերազանցությունից, և հայկական փոքրաթիվ այրուձին փայլուն հաղթանակ տարավ։ Պարսիկները մեծ զոհեր տվեցին, իսկ ճակատամարտում սպանվեց նաև պարսկական զորքի հրամանատար մարզպանը։ Ապստամբները հաղթանակած վերադարձան Դվին և այստեղ անցկացրեցին ձմեռը։ Առաջին հաջողությունը մեծ ոգևորություն առաջ բերեց երկրում։ Վահան Մամիկոնյանի կոչով շարժմանը միացան Հարավային Հայաստանի՝ Մոկաց, Ռշտունյաց, Անձևացյաց նախարարները։ Անհրաժեշտ էր համախմբել ուժերը, որովհետև պարսիկները պատրաստվում էին 482 թվականի գարնանը մեծ բանակով հարձակվել Հայաստանի վրա:

Ապստամբության ծավալումը

30 տարի առաջ Արտազ գավառում՝ տեղի էր ունեցել Ավարայրի ճակատամարտը։ Նույն դաշտում՝ Ներսեհապատ գյուղի մոտ, 482 թվականին տեղի է ունենում Ներսեհապատի ճակատամարտը։ Պարսկական բանակը Հայաստան էր ներխուժել հարավ-արևելքից։ Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ։

Ասպազեն Վահան Մամիկոնյանը
Ճակատամարտից առաջ քաջալերիչ խոսքով հայ զորականներին դիմեց Հովհաննես կաթողիկոսը։ Զորքի հրամանատարներին վերջին ցուցումները տվեց սպարապետը։ Մարտն սկսվեց վաղ առավոտյան՝ թշնամու կատաղի գրոհով։ Հայոց բանակի աջ թևի զինվորները նահանջեցին։ Կենտրոնական զորագնդին շուտով օգնության հասան ձախ թևի զինվորները և սպարապետի գլխավորած հեծելազորը։ Հայոց զորքի մի մասն անցավ պարսիկների թիկունքը և խառնաշփոթ առաջացրեց նրանց շարքերում։ Իսկ երբ հարձակման անցավ նաև հայոց աջ զորաթևը, պարսիկներն անկանոն փախուստի դիմեցին և ծանր կորուստներով պարտվեցին։

Հաղթանակած հայոց զորքը հանգստի համար մեկնեց Ծաղկոտն գավառի Վարշակի ջերմուկների մերձակայքում գտնվող իր ամառային զորակայանը, սակայն հանգիստ առնել չհաջողվեց։ Շուտով գույժ ստացվեց Վախթանգ Գորգասար թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը։ Նա խնդրում էր հայերի օգնությունը։ Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին։ Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայի դաշտում։ Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը։ Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան։

Հայ-վրացական բանակում միասնություն չկար։ Նախարարների մի մասը զգուշանում էր, որ հաղթանակի դեպքում ավելի կուժեղանա Վահան Մամիկոնյանի ազդեցությունը։ Վրացի նախարարներն, իրենց հերթին, չէին ցանկանում, որ ամրապնդվեն Վախթանգ թագավորի դիրքերը։ Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը։ Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց։ Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը։ Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում։ Պարսիկները շրջապատեցին քաղաքը՝ հույս ունենալով վերջնականապես ծնկի բերել ապստամբներին։ Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով հանդուգն հարձակմամբ ճեղքեց պաշարումը և անցավ Տայք։ Նա իր անորսալի ջոկատներով ամեն անգամ անսպասելի հարձակումներ էր գործում և խուճապի մատնում հակառակորդին։ Պարսից զորքերն այդպես էլ չկարողացան վճռական ճակատամարտի մեջ ներքաշել և պարտության մատնել հայոց սպարապետին։ Հայ շինականներն ամեն կերպ օգնում էին ապստամբներին՝ ձախողելով պարսկական զորքերի պլանները:

Նվարսակի հաշտությունը

Պարսկական քաղաքականության մեջ շրջադարձ տեղի ունեցավ 484 թվականի ամռանը, երբ պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին միջինասիական քոչվոր ցեղերից՝ հեփթաղներից։ Կռվում սպանված Պերոզ թագավորի փոխարեն գահ է բարձրանում նրա եղբայր Վաղարշը։ Հայտնվելով ծանր կացության մեջ՝ պարսից արքունիքը որոշում է լեզու գտնել հայ ապստամբների հետ՝ գնալով որոշակի զիջումների։
484 թվականի աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ։ Բանակցելու համար Հեր գավառիի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը։ Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները։ Պարսիկները դադարեցնելու էին զրադաշտականության տարածման քաղաքականությունը։ Հայերն ազատորեն կարող էին պաշտել քրիստոնեությունը, որը Հայաստանում վերահաստատվում էր իր իրավունքների մեջ։ Պարսից արքունիքն այլևս չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գործերին և պաշտոնների էր նշանակելու ոչ թե ուրացողներին, այլ արժանավոր մարդկանց։ Նշանավոր նախարարական տոհմերը պետք է վերականգնեին իրենց ժառանգական իրավունքները։ Հայ նախարարներն այսուհետև կարող էին վիճելի հարցերի դեպքում չբավարարվել մարզպանի վճռով և դիմել անմիջականորեն պարսից արքային։ Փոխարենը հայերը պետք է իրենց այրուձիով օգնություն ցույց տային Վաղարշ թագավորին։ Նվարսակի պայմանագիրն ամրագրում էր Վահանանց պատերազմում հայերի ունեցած ռազմական հաջողությունը։

485 թվականի Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր՝ այսինքն հայ նախարարների առաջնորդ, երկրի փաստական կառավարիչ։ Հայրենիք վերադառնալիս նրան ցնծությամբ ընդունեցին ժողովուրդը, իշխանները և կաթողիկոսը։ Վաղարշապատի եկեղեցիներում հանդիսավոր արարողություններ կատարվեցին։ Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց։ Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին։ Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց։ Երկրի ինքնավարությունը նշանակալից ընդլայնվեց։ Հայաստանի ռազմական, վարչական և տնտեսական կյանքի ղեկավարությունը փաստորեն ամբողջությամբ անցավ հայ նախարարներին:

Հայ ազատագրական պատերազմների պատմական նշանակությունը

Պարսիկների դեմ ծավալված ազատագրական կռիվները հզոր համաժողովրդական շարժումներ էին։ Հայերը պարսկական տիրապետության դեմ մարտնչեցին ոչ միայն հանուն հայրենի հավատի և ազատության, այլև հանդես էին գալիս համազգային շահերի պաշտպանությամբ։ Հայերի պայքարը, նրանց տոկունությունն ու համախմբվածությունը տվեցին իրենց արդյունքները։ Ճիշտ է, երկիրը չվերականգնեց անկախությունը, սակայն ձախողվեցին Հայաստանն ինքնավարությունից զրկելու պարսկական արքունիքի ձգտումները։ Հայ ժողովուրդը համառ պայքարով պահպանեց երկրի լայն ինքնավարությունը և դրանով իսկ տնտեսական ու մշակութային առաջընթացի հնարավորությունները։

Վարդանանց և Վահանանց պատերազմների մասնակիցների հայրենանվեր սխրանքը։ Հետագա սերունդների համար նրանք դարձել են հայրենասիրության խորհրդանիշ։ 5-րդ դարի ազատագրական պատերազմներն օտար նվաճողների դեմ պայքարի ամենահերոսական ու հիշարժան էջերից են։ Դրանք հայ ժողովրդի դարերի խորքից եկող ազատասեր ոգու պատգամն են հետագա սերունդներին:

Թողնել մեկնաբանություն