Գահնամակ և Զորանամակ

Գահնամակ– Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի կամ պատվաստիճանների հրովարտակ, վավերական ցուցակ։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ, ինչպես նաև հնագույն ավանդական հիմքով։ Գահնամակը մեզ հասած տեսքով հայտնաբերել է հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը 424 թվականի դեկտեմբերի 26-ին պարսից արքունի դիվանում։
Ավատատիրական համակարգին հատուկ այդ արտոնագիրը վավերացրել է նախարարների կամ իշխանների նկատմամբ տերունական իրավունքներ ունեցած թագավորը։ Նախարարների գահերը եղել են կայուն և ժառանգական։ Միայն բացառիկ դեպքերում թագավորը կարող էր Գահնամակում մասնակի փոփոխություններ մտցնել։

Զորանամակ- Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակ։ Գործադրվել է Մեծ Հայքում մինչև հայ Արշակունի արքայատան անկումը (IV դարի վերջ – V դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։ Յուրաքանչյուր բաժնում դասվել են 21 կամ 22 նախարարություն՝ նշելով նրանց յուրաքանչյուրի զորաքանակը։ Ըստ մեզ հասած զորանամակի, Արշակունիների օրոք Հայոց զորքի ընդհանուր թվաքանակը եղել է 124 հազար մարտիկ, որից 84 հազարը կազմել են նախարարական կամ սեպուհական, իսկ 40 հազարը՝ արքունի (ոստանիկ) և մարդպետական գնդերը։ Արտաքին վտանգի ժամանակ նախարարները իրենց զինվորական ուժերը գումարել են Զորանամակով սահմանված զորաթևում, իսկ անհրաժեշտության դեպքում Հայոց արքայի կամ սպարապետի հրամանով օգնել են այս կամ այն զորաթևին։

Թողնել մեկնաբանություն