Ք.ա. 44 թ. Հռոմ վերադառնալուց հետո Կեսարը հռչակվեց ցմահ դիկտատոր: Մինչ այդ նա արդեն ստացել էր ցմահ տրիբունի, ինչպես նաև ցենզորի պաշտոն: Իսկ ավելի վաղ նա ուներ մեծ պոնտիֆեքսի պաշտոնը: Կեսարը փաստացի ստացավ անսահմանափակ իշխանություն: Կեսարը նաև Ծերակույտի անդամների թիվը հասցրեց 900-ի՝ ի հաշիվ իր կողմնակիցների: Ծերակույտականներ դարձան նրա շատ զորահրամանատարներ և նույնիսկ նախկին ստրուկներ:
Հանրապետական կառավարման մարմինները շարունակում էին աշխատել, սակայն բոլոր ընտրովի պաշտոնյաների թեկնածությունները տրվում էին Կեսարի կողմից, և մնում էր միայն դրանք հաստատել:
Այսպիսով՝ Հռոմուոմ հաստատվեց Կեսարի միայնակ կառավարումը, որն անվերապահորեն տնօրինում էր պետության ռազմական, քաղաքական և հոգևոր գործերը: Կեսարի իշխանությունը հենվում էր նրան նվիրված բանակի վրա: Նվաճված Գալլիայի և մյուս պրովինցիաների բնակչության որոշ խավերի հռոմեական քաղաքացիություն տալու շնորհիվ Կեսարը ուժեղ հենարան ուներ նաև այդ երկրներում:
Կեսարը կարևոր ձեռնարկումներ իրականացրեց նաև այլ ասպարեզներում: Հատնվեց նոր դրամ, որը շուտով դարձավ Հռոմում դրամաշրջանառության միակ միջոցը: Իսկ ք.ա. 45 թ. կաատարվեց տոմարի բարեփոխում: Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով: Տարին, ըստ դրա, բացկաված էր 365 և կես օրից: Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր: Հուլիոսյան օրացույցը մնաց կիրառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները:
Կեսարը վարում էր հավասարակշիռ քաղաքականություն՝ ձգտելով նախապատվություն չտալ ո՛չ պոպուլյարներին, ո՛չ օպտիմատներին:
Նա նույնիսկ թույլ տվեց Հռոմ վերադառնալ իր քաղաքական հակառակորդներին:
Կեսարը սկսեց նախապատրաստվել արշավանքի ընդդեմ պարթևների, սակայն չհասցրեց: Հռոմում լուրեր տարածվեցին այն մասին, որ Կեսարը պատրաստվում է իրեն արքա հռչակելու: Ք.ա. 44 թ. նա Ծերակույտի դահլիճում զոհ գնաց դավադրության: