Երեխաների իրավունքների իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:

Հայաստանի Հանրապետությունը միացել է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը պետք է համահունչ լինի կոնվենցիայի դրույթներին:

Կոնվենցիայի դրույթները սահմանելով երեխայի իրավունքները, միևնույն ժամանակ կրում են դեկլարատիվ բնույթ, հետևաբար, իրավունքների կիրառումն ապահովելու տեսակետից կարևորվում է «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

Ցավոք, օրենքը հիմնականում կրկնում է կոնվենցիայի դրույթները և չի սահմանում երեխայի իրավունքների պաշտպանումն ապահովող հստակ մեխանիզմներ:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շարունակվում են աշխատանքներն իրավական դաշտի, այդ թվում` երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովող հիմնադրույթների մշակման ուղղությամբ:

Այժմ քննարկման փուլում է գտնվում «Քրեակատարողական օրենսգրքի» նախագիծը, իսկ «Ընտանեկան օրենսգրքի», «Աշխատանքային օրենսգրքի» օրենքների նախագծերը արդեն իսկ Ազգային ժողովի կողմից ընդունվել են առաջին ընթերցմամբ: 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունվել է Քրեական օրենսգիրքը, որը ուժի մեջ է մտել նույն թվականի օգոստոսի 1-ից:

Թողնել մեկնաբանություն