Ռամզես 2-րդի իրականացրած բարեփոխումները
Խեթական պատերազմից հետո Ռամսես II-ը ևս 45 տարի կառավարում է Եգիպտոսը։ Ստորին Եգիպտոսում, Դելտայի արևելքում նա հսկայական շինարարություն է ծավալում: Այստեղ անցկացվում են ջրանցքներ, կառուցվում քաղաքներ, ինչպես նաև մայրաքաղաք Պեր-Ռամզեսը (Ռամզեսի տուն): Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամսեսի երկիր։ Հայտնի են նաև փարավոնի մեծածավալ շինարարական աշխատանքները Նուբիայում, Թեբեում, Կառնակում, Աբիդոսում: Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։
Տաճարներ է կառուցում Նուբիայում, Նեղոսի արևմտյան ափին՝ Աբու Սիմբելում, Ասուան քաղաքից 280 կմ դեպի հարավ։ Ժայռերի մեջ փորված երկու տաճարներից մեծը նվիրված Է Ամոն, Պտահ և Հարախտի աստվածներին ու իրեն՝ փարավոնին, փոքրը՝ Հաթոր աստվածուհուն և փարավոնի կնոջը՝ Նեֆերտարիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմում քանդակված են մոտ 20 մ բարձրությամբ հսկա արձաններ, բոլոր աստվածներին պատկերում է իր կերպարով։ Փարավոնի հայացքն ուղղված է դեպի արևելք, դեպի ծագող արևի կողմը։ Ռամզեսի ոտքերի մոտ իր ընտանիքի անդամներից ոմանց արձաններն են, մասնավորապես կնոջ՝ Նեֆերտարիի, մոր և մի քանի երեխաների, նա ավելի քան 200 երեխա ուներ։ 1979 թ-ին այն դասվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։