Արտավազդ Բ-ին հաջորդում է իր որդին՝ Արտաշես Բ-ն։ Նա Արտավազդ Բ-ի որդին էր, որը կարողացել էր խույս տալ իր ընտանիքի հետ գերության մեջ հայտնվելուց։ Նա մ․թ․ա․ 30 թվականին դառնում է Հայաստանի թագավոր, գրավում Ատրպատականը, կոտորել տալիս Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին, սակայն մ․թ․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվում է հռոմեացիների պատվերով։ Արտաշես Բ-ին հաջորդում է հռոմեացի դրածո Տիգրան Գ-ն, որը գահակալման սկզբում վարում էր հռոմեամետ քաղաքականություն, սակայն գահակալման վերջում սկսեց ընդգծել իր ինքնուրույնությունը և առանց Հռոմի թույլտվության՝ իրենից հետո գահաժառանգ թողեց իր որդուն՝ Տիգրան Դ-ին: Սակայն Հռոմը զորքեր է ուղարկում և գահնկեց անելով Տիգրան Դ-ին գահ է բարձրացնում Արտավազդ Գ-ին։ Որոշ ժամանակ անց Տիգրան Դ-ն ժողովրդական ապստամբություն է բարձրացնում դրածո Արտավազդ Գ-ի դեմ և նրան սպանելով դառնում հայոց արքա։ Ի վերջո սարմատական լեռնական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ զոհվում է Տիգրան Դ-ն և նրա մահով մ․թ․ 1 թվականին ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմի ժառանգական իշխանությունը։