Արտավազդ Բ-ն, մ․թ․ա․ 55 թվականին զբաղեցնելով հայոց գահը, ինքնին ժառանգում է կայացած պետություն, որն ուներ հզոր բանակ և առաջադեմ տնտեսություն։ Մեծ Հայքի Արտաշեսյան համահայկական թագավորությունը հիմնադրել էր Արտավազդի մեծ պապը՝ Արտաշես Բարեպաշտը, իսկ վերջինիս հայրը՝ Տիգրան Բ-ն, այն հասցրել էր իր հզորության գագաթնակետին։ Տիգրան Արտաշեսյանը Հայքի գահին բազմել էր մ․թ․ա․ 95 թվականին և ապա դաշինք կնքել Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորի հետ: Դեռևս Տիգրանի օրոք Հայքի աշխարհակալ նկրտումների առջև առկախ գլխավոր խնդիրը օրեցօր զորեղացող Հռոմեական հանրապետությունն էր, որի «անպարտելի լեգեոնները», Եվրոպայի զգալի մասը զավթելուց հետո, առաջխաղացել էին դեպի Փոքր Ասիա։ Մեծ Հայքի արևելյան հարևանը Պարթևական ընդարձակ տիրակալությունն էր, որը ձգվում էր Հայոց (Հյուսիսային) Միջագետքից մինչև Միջին Ասիա և Պարսից ծոցից մինչև հեռավոր Հինդուստան։ Այնուամենայնիվ, Տիգրանի հեռահար քաղաքականության շնորհիվ հայկական բանակները մ․թ․ա․ 94 թվականին Հայոց թագավորությանն են միացնում Ծոփաց աշխարհը՝ հռչակավոր «Չորրորդ Հայքը», ապա հպատակեցնում հարևան Վիրքն ու Աղվանքը։ Մ․թ․ա․ 87 թվականին Տիգրանը սկսում է իր հեղինակավոր Պարթևական մեծ արշավանքը և մեկ տարում նվաճում պարթևաց երկրի զգալի մասը։ Նույն տարում Արտաշատում կնքվում է հայ-պարթևական դաշնագիր, որով Գոդերձ Ա-ն Տիգրանին և իր իրավահաջորդներին էր զիջում «արքայից արքա» տիտղոսը, Հյուսիսային Միջագետքը, Օսրոյենեն, Արուաստանը (Միգդոնիա), Ադիաբենեն ճանաչում Հայքի կազմում, ինչպես նաև ընդունում Հայաստանի գերիշխանությունը։ Հաջորդիվ Տիգրան Մեծը նվաճում է Սելևկյան տերության թագը՝ վերահսկողություն սահմանելով Ասորիքի, Փյունիկիայի և Կիլիկիայի նկատմամբ։ Կիլիկիան գրավելուց հետո՝ Արտաշեսյանների թագավորությունը սկսում է սահմանակցել Հռոմեական հանրապետությանը:
Ավելի ուշ Տիգրանի ստեղծած կայսրությունն իր մեջ ներառում է նաև Հրեաստանը (Հուդայի թագավորություն) և Նաբաթեան։ Մ․թ․ա․ 71 թվականին Հայքի զինվորները ռազմակալում են Պտղոմայիս քաղաքը․ Հայկական աշխարհակալ տերությունը ձգվում է ընդհուպ մինչև Եգիպտոս։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական իրադրությունը բեկումնային է լինում Հայաստանի համար, և Հռոմի դեմ շարունակական պատերազմներից հետո, Տիգրանն ի վերջո մի կողմ է դնում իր արքայական պատվախնդրությունը և կնքում Արտաշատի պայմանագիրը, որով Հայքը զրկվում էր իր նվաճումներից, սակայն և պահպանում էր իր տարածքային ամբողջականությունը Տիգրանի կառավարման վերջին տարիներին արքայազն Արտավազդը նշանակվում է գահակից։