«Մարդկանց թրաֆիքինգը աշխարհի ամենից ամոթալի չարիքներից մեկն է` մարդկանց իրավունքների անողոք ոտնահարում, երբ առուծախի են ենթարկվում, վաճառվում, շահագործվում, անարգվում եւ կործանվում կյանքեր: Ոչ մի երկիր անձեռնմխելի չէ, եւ միլիոնավոր կյանքեր սպառնալիքի տակ են: Մենք պետք է միասնական դիրքորոշում որդեգրենք, լույս սփռենք հարցի վրա, արգելքի տակ պահենք թրաֆիքինգ իրականացնող անձանց եւ աջակցություն ցուցաբերենք տուժածներին ու խոցելի մարդկանց»:
Բան Կի-մուն Գլխավոր քարտուղար
Մարդկային արարածների թրաֆիքինգը գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սա մի դաժան հանցագործություն է, որն աշխարհով մեկ անխնա շահագործում է միլիոնավոր խոցելի կանանց, երեխաների եւ տղամարդկանց: Նույնիսկ այսօր շատ դժվար է գնահատել խնդրի ծավալները՝ դրա ծածուկ բնույթի պատճառով: Աշխարհի գրեթե բոլոր երկրները տուժում են կա՛մ որպես ծագման, տարանցման երկիր, կա՛մ որպես նպատակակետ երկիր: Այն դարձել է համաշխարհային հանցագործ ձեռնարկություն, որը տարեկան ստեղծում է միլիարդավոր դոլարների հսկայական ապօրինի շահույթ: