Արարատ, հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում ՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ): Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է: Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։
Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։«Արարատ» անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբրայերեն անվանումից։ Լեռան հայերեն ավանդական անվանումը Մասիս է, որի հոգնակին՝ Մասիք, կարող է վերաբերվել երկու լեռնագագաթներին։ Մովսես Խորենացին իր << Հայոց պատմություն>> գրքի մեջ, Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը ըստ ավանդության լեռն անվանել է իր անունով։ Արարատ բարձրանալու առաջին փորձը կատարվել է Միջնադարում։ Պատմության մեջ գրանցված լեռան առաջին հաջողված վերելքը գրանցվել է 1829 թվականին, երբ առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը որին ուղեկցում էր Խաչատուր Աբովյանը:
Նշանակությունը հայերի համար
Արարատ լեռը պատմականորեն կապվել է Հայաստանի հետ և լայնորեն ճանաչվել որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ: Այն աշխարհագրորեն տեղակայված է պատմական Հայաստանի թագավորությունների կենտրոնում, որի համար էլ հայերի հայրենիքի մի մասն է: Հայերի համար այն հայտնի է որպես «սուրբ լեռ» հիմնականում աստվածաշնչային ջրհեղեղի պատմության պատճառով Արարատն անվանվել է Հայաստանի ապրանքանիշ, Հայաստանի այցեքարտ և «ավելի քան լեռ հայերի համար» Ժողովրդագրագետներից մեկը գրել է, որ «հայերը ունեն Արարատի սեփականության զգացում՝ մշակութային սեփականության առումով։